Պտղաբերություն պարգևող գորգերը

Views 18957
/
Date 2022-02-23 07:12
/
Հետաքրքիր

Եթե դուք ուսումնասիրում եք հայկական ձեռագործ գորգերը կամ հետաքրքրված եք նրանցով, ապա պետք է, որ լսած լինեք, որ հայկական գորգարվեստն ունի բավական խորը արմատներ, հետաքրքիր զարգացման պատմություն և ավանդույթներ:

Հայկական գորգերից շատերն ունեն հետաքրքիր պատմություններ, շատ գորգեր ունեն խորհրդանշական իմաստ, որոշները հաղորդագրություններ են պարունակում:
Այս փոքրիկ պատմությունը Նշագորգերի մասին է:

Նշագորգերը հայկական գորգերի ամենախորհրդանշական տեսակներից են:
Շատ գեղեցիկ ավանդություն կա Նշագորգի հետ կապված: Բացի նրանից, որ այս գորգերը չափազանց գեղեցիկ են, նրանք նաև «լուրջ առաքելություն» են ունեցել հին Հայաստանում: Մարդիկ հավատացած էին, որ այս գորգերը մայրություն են պարգևում աղջիկներին, նորահարսերին: Հենց սա էր հիմնական պատճառը, որ ամուսնացող աղջիկներին այս գորգից էին օժիտ ուղարկում, որպեսզի այն նորահարսերին ապահովի մայրության բերկրանքը: Շատ ավելի խորհրդանշական էր, որ Նշագորգը գործում էին անձամբ ամուսնության պատրաստվող աղջիկները:

Գորգի վրա պատկերված և իրար հաջորդող բազմաթիվ նշերը պտղաբերություն, մայրություն և նոր կյանքի սկիզբ են խորհրդանշում: Իսկ նշերի մեջ պատկերված է հիմնականում Կենաց ծառը, որը նույնպես կյանքի, հարատևության խորհրդանիշն է: Գորգի դաշտի վրա, նշերի կողքին կտեսնեք նաև փոքրիկ մարդուկների. նրանք սիրո, մայրության, պտուղներն են և կյանքը:

Հին Հայաստանում նաև հավատացած էին, որ այս գորգերը «բուժում են» չբերությունը և մայրություն պարգևում կանանց: Հետաքրքիր ավադություն կա սրա հետ կապված: Երբ ամուսնանալուց տևական ժամանակ անց հարսը պտուղ չէր ունենում, նրա պատվին գործում էին Նշագորգ, բնականաբար պատերված նշերով՝ պտուղներով, Կենաց ծառով, մարդուկներով և այլն: Հաճախ նաև օրհնանք էին գրում գորգի վրա:

Այդ գորգը պիտի գործեր հարսի բարեկամ, բարին և լավը կամեցող, բարի բախտ և առողջ զավակներ ունեցող տարեց կին, ով գորգը գործելու ընթացքում բազաթիվ օրհնանքներ պիտի ասեր մայրացող պատրաստվող կնոջը, երգեր, իր դրական էներգիայից ու բախտից բաժին տար հյուսվող գորգին, որն էլ պիտի այն փոխանցեր հարսին, ով պտուղ չէր տալիս: Գորգը գործելուց հետո, չբեր կինը, պառկում էր գորգագործական դազգահի տակ: Հավաքվում էին կանայք, աղջիկներ և երգելով ու օրհնանքներ տալով կտրում էին գորգը, որն ընկնում էր կնոջ վրա:

Այսպիսով, այս ամբողջ դրական էներգիան, օրհնանքները, որ կրում էր գորգը՝ այս չափազանց խորհրդանշական Նշագորգը, փոխանցվում է կնոջը, և նա պատրաստ է լինում մայրանալու և պտուղ տալու՝ շարունակելու կյանքը:

Սա հայկական գորգարվեստի գեղեցիկ ավանդույթներից մեկն է: Այսպիսի ավանդույթներն ու պատմությունները բազմաթիվ են, որոնք մենք պարբերաբար կներկայացնենք ձեզ:

«Արցախ կարպետ» ընկերությունն ուսումնասիրում է հայկական հարուստ գորգարվեստի ավանդույթներն ու գորգերի հնագույն նմուշները՝ պահպանելու, վերակենդանացնելու և սերունդներին փոխանցելու առաքելությամբ: